Ֆրանսիայի և ԱՄԷ նախագահները քննարկել են ռազմա...

Արաբական  Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

Փարիզի Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև պատմական և ռազմավարական հարաբերությունների տարբեր ուղիները և դրանց ընդլայնման հնարավորությունները, հատկապես՝ տնտեսական, ներդրումային և մշակութային և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել դրանց շուրջ՝ ընդգծելով համատեղ աշխատելու անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում և աշխարհում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու և գլոբալ առաջնահերթություն համարվող ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու նպատակով։

ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ ԱՄԷ-ի և Ֆրանսիայի միջև առկա է արդյունավետ համագործակցություն բազմաթիվ ոլորտներում, հատկապես՝ էներգետիկայի և կլիմային առնչվող ոլորտում, քանի որ երկու երկրներին միավորում է 2022 թվականին ստորագրված էներգետիկայի ոլորտում համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը:

Նախագահները ներկա են գտնվել Արհեստական ​​բանականության ոլորտում ԱՄԷ-Ֆրանսիա համագործակցության շրջանակի ստորագրման արարողությանը։ Համաձայնագրի նպատակն է ներդրումներ կատարել Ֆրանսիայի 1 ԳՎտ հզորությամբ արհեստական ​​բանականության համալիրում, բացի այդ ստեղծել ռազմավարական գործընկերություն արհեստական բանականության ոլորտում և բացահայտել համագործակցության նոր հնարավորությունները: