Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ԵՄ-...

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր Եվրոպայի հարցերով պատվիրակ-նախարար Բենժամեն Ադդադը կարծում է, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագիրը ժամանակավոր, բայց անհավասարակշռված կայունություն կբերի։

Մարտին նախարարը X-ում գրել է՝ «Եվրահանձնաժողովի և ԱՄՆ-ի միջև կնքված առևտրային համաձայնագիրը ժամանակավոր կայունություն կբերի տնտեսական այն սուբյեկտներին, որոնց սպառնում է ԱՄՆ-ի կողմից մաքսային սակագների աճը, սակայն դա մնում է անհավասարակշռված վիճակում»։

Ըստ նրա՝ «ներկա իրավիճակը բավարար չէ»։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ազատ առևտուրը ընդհանուր բարգավաճում է ապահովել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում, որն այսօր մերժվում է ԱՄՆ-ի կողմից։ Ամերիկան ընտրում է տնտեսական հարկադրանքը և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների լիակատար անտեսումը», - նշել է Ադդադը։

Նա ավելացրել է, որ Եվրամիությունը պետք է պայքարի ԱՄՆ-ի հետ առևտրում շահերի հավասարակշռությունը պահպանելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պայմանավորվել են, որ ԱՄՆ ներկրվող եվրոպական բոլոր ապրանքների մաքսատուրքը կկազմի 15%, մինչդեռ ԵՄ-ն ամերիկյան ապրանքների համար սակագներ չի գանձի։ Մինչ այդ Թրամփի վարչակազմը հայտարարել է ԵՄ-ի ողջ արտահանման վրա 30% չափով նոր առևտրային մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Թրամփը Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները անվանել է պատմության մեջ «ամենամեծերից»։