Ֆրանսիան զգուշացրել է ԱՄՆ-ին Գրենլանդիան գրավ...

Գրենլանդիան գրավելու ԱՄՆ-ի ցանկացած փորձ ԵՄ-ի համար կլինի «կարմիր գծի հատում» և կվտանգի Բրյուսելի ու Վաշինգտոնի միջև տնտեսական համագործակցությունը։ Այս կարծիքը հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը Financial Times-ի (FT) հետ հարցազրույցում։

«Գրենլանդիան ԵՄ-ի մաս կազմող ինքնիշխան երկրի ինքնիշխան մասն է, և դրա հետ չպետք է կատակել»,- ասել է նախարարը և շեշտել, որ արդեն զգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Սքոթ Բեսենթին ԱՄՆ-ի հնարավոր որոշման բացասական հետևանքների մասին։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, սակայն, չի ակնկալում ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գրավումը՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին: Այդ մասին նա ասել է ZDF-ի եթերում։

Նրա խոսքով՝ Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում, և ամերիկացիներն այնտեղ արդեն ունեն բազա ու համաձայնագրեր, և այդ հիմքի վրա կարող են էլ ավելի ընդլայնել իրենց ներկայությունը:

Այնուամենայնիվ, Գրենլանդիան վերահսկելու՝ նախագահ Թրամփի ծրագրերը մտահոգել են ԵՄ անդամ երկրներին: Այս շաբաթ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները հետախուզական առաքելության շրջանակում զինվորականներ են ուղարկել Գրենլանդիա՝ տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու համար։

Ավելի վաղ Դանիայի և Գրենլանդիայի պատվիրակությունները հանդիպել էին ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ։ Դանիական կողմը տեղեկացրել է, որ չի հաջողվել համոզել Վաշինգտոնին՝ հրաժարվել կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերից։

Սպիտակ տան խոսնակն էլ հայտարարել է, որ Գրենլանդիա զորքեր ուղարկելու՝ եվրոպացի առաջնորդների որոշումը չի ազդի կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ Դոնալդ Թրամփի ցանկության վրա։