Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ երկրների և Հարավամերիկյան երկրների ընդհանուր շուկայի (Մերկոսուր) միջև համաձայնագրի ստորագրումը հաստատելու ընթացակարգի նախաշեմին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեմ կքվեարկի դրան։ Այս մասին հունվարի 8-ին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Ֆրանսիան որոշել է դեմ քվեարկել Եվրամիության և Մերկոսուրի երկրների միջև համաձայնագրի ստորագրմանը», - գրել է Մակրոնը։
«Ֆրանսիան կողմ է միջազգային առևտրին, սակայն ԵՄ-Մերկոսուր համաձայնագիրն իրենից ներկայացնում է մեկ այլ դարաշրջանի համաձայնագիր, որը չափազանց երկար է քննարկվել հնացած սկզբունքների հիման վրա (1999 թ. մանդատի համաձայն)», - հավելել է Մակրոնը։
Le Monde թերթը հաղորդում է, որ Ֆրանսիայից բացի այս առևտրային համաձայնագիրը մերժելու մասին են հայտարարել նաև Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան և Իռլանդիան։
Հրատարակությունը պարզաբանում է, որ Ֆրանսիան, հավանաբար, չի կարողանա կասեցնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից առաջիկա օրերին Պարագվայում համաձայնագրի ստորագրումն ավելի քան քառորդ դար տևած բանակցություններից հետո։ Անհրաժեշտ թվով ձայներ ապահովելու համար Եվրահանձնաժողովին հաջողվել է հասնել Իտալիայի որոշիչ աջակցությանը, որը երկար ժամանակ զսպվածություն է ցուցաբերել այս համաձայնագրի նկատմամբ, ինչը զրկում է Փարիզին «կասեցնող մեծամասնություն» ձևավորելու հույսից։
Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ Մակրոնը չդիմացավ երկրի գյուղատնտեսական արտադրողների զանգվածային բողոքներին և Մերկոսուրի հետ համաձայնագրի ստորագրման դեպքում կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին քաղաքական ընդդիմության սպառնալիքներին։



