Ֆրանսիան Ուկրաինային կոչ է արել չեղարկել հակա...

Ֆրանսիան կիսում է Եվրոպական հանձնաժողովի մտահոգություններն Ուկրաինայում ընդունված օրենքի վերաբերյալ, որը փաստացի վերացնում է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության անկախությունը, և ակնկալում է, որ Կիևը կվերանայի այս որոշումը:

Այս մասին ֆրանսիական Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենիամին Հադադը։

«Ես կիսում եմ Եվրոպական հանձնաժողովի կարծիքը, որը երեկ հայտարարել է, որ խորապես մտահոգված է այս որոշմամբ: Իհարկե, դեռ ուշ չէ, որ ուկրաինացիները վերանայեն իրենց որոշումը: Երբ դու Եվրամիությանը միանալու թեկնածու ես, պարտավոր ես պայքարել կոռուպցիայի դեմ, պահպանել օրենքի գերակայությունը, հարգել փոքրամասնություններին, քաղաքական ընդդիմությանը և դատական համակարգի անկախությունը: Հետևաբար, մենք չափազանց զգոն կլինենք այս հարցում», - ասել է նա։ 

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն արդեն բարձրացրել է այս հարցը իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ զրույցի ժամանակ: 

The Independent-ի տեղեկացմամբ՝ մի քանի օրենսդիրներ, որոնց անունները չեն նշվում, հայտնել են, որ ընդունված փոփոխությունները նախագահի կողմից նշանակված գլխավոր դատախազին հնարավորություն են տալիս խիստ վերահսկողության սահմանել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության նկատմամբ։ 

Հադադը նաև նշել է, որ Փարիզը շարունակում է երկխոսությունը Կիևի հետ այս թեմայի շուրջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծ է ստորագրել, որն ըստ քննադատների՝ թուլացնում է երկրի հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։ Օրինագծի ստորագրումը երկրում ցույցերի, ինչպես նաև միջազգային քննադատության առիթ է դարձել։

Տեսաուղերձում Զելենսկին հայտարարել է, որ հակակոռուպցիոն ենթակառուցվածքը կաշխատի, պարզապես «առանց ռուսական ազդեցության»։ 

Օրենքի ընդունումը քննադատել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Բացի այդ, Մեծ յոթնյակի երկրների դեսպանները հայտնել են, որ կցանկանային Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել հակակոռուպցիոն մարմինների վրա ճնշումը։