Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայում խաղաղության շուրջ ցանկացած բանակցությունների, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Նոել Բարոն։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, RTL ռադիոկայանին տված հարցազրույցում նախարարին հարցրել են, թե արդյոք Ֆրանսիան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հաշվի առնելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր ՌԴ-ի հետ սպասվող բանակցությունների մասին։
«Մենք միշտ ասել ենք, որ եթե ուկրաինացիները դա ցանկանան, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է ներգրավվել բանակցություններում, մենք դրա հետ կապված տաբու չունենք: Կարևորն այն է, որ Ֆրանսիան եվրոպական անվտանգության վերաբերյալ ցանկացած բանակցությունների մաս կազմի: Ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, վերաբերում է այս երկրի տարածքային ամբողջականությանը, բայց շոշափվում են նաև Եվրոպայի անմիջական անվտանգության շահերը»,- պատասխանել է նախարարը։