Ֆրանսիան առաջիկա ամիսներին մշտական պաշտպանական առաքելություն կբացի Քիշնևում։ Այդ մասին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուի հետ Փարիզում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, Քիշնևում նման առաքելության բացումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել երկու պետությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ «կրթության, վերապատրաստման և իրենց զինված ուժերի համատեղելիության առումով»:
Նա նաև ասաց, որ դա միայն առաջին փուլն է, որը կլրացվի այլ ոլորտներում համատեղ աշխատանքով, օրինակ՝ ապատեղեկատվության և կիբերհարձակումների դեմ պայքարում։
«Երկկողմանի կերպով մենք կնպաստենք ձեր պետության ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման այս հավաքական ջանքերին: Սա է անվտանգության համաձայնագրի իմաստը, որն այժմ կստորագրեն մեր պաշտպանության նախարարները, որը հիմք կստեղծի մեր համագործակցության ամրապնդման համար»,- հավելել է Մակրոնը։