
Մինչև 2030 թվականը Եվրոպայի «սրտում» կարող է լայնածավալ և բարձր ինտենսիվության պատերազմ բռնկվել, որը կապված է Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի հետ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Ազգային ռազմավարական վերանայման (RNS 2025) նորացված փաստաթղթում։ Փաստաթղթում նշվում է, որ ռազմական հակամարտությունը տեղի կունենա Ֆրանսիայի տարածքից դուրս, սակայն Փարիզը կարող է ներգրավված լինել դրանում։ Առաջիկա 3–5 տարիների ընթացքում ագրեսիայի կարող են ենթարկվել Մոլդովան, Բալկանները կամ ՆԱՏՕ-ի երկրները։
Ռուսաստանը, որը Ֆրանսիայի համար «ամենամեծ սպառնալիքն» է՝ վերջին տարիներին կտրուկ ավելացրել է եվրոպական երկրների դեմ «թշնամական և կործանարար գործողությունների» թիվը։ Մասնավորապես, ինչպես մանրամասնվում է զեկույցում, Մոսկվան ակտիվացրել է լրտեսությունը և կիբերհարձակումները, փորձում է միջամտել ընտրություններին, ձգտում է ազդել հասարակական կարծիքի վրա և խաթարել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրոպան պետք է պատրաստվի իր տարածքում հնարավոր ռազմական հակամարտությանը։ Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ «պետք է ի վիճակի լինեն ավելի լավ պաշտպանվել և զսպել մայրցամաքում Ռուսաստանի կողմից ցանկացած նոր ագրեսիա»։ Դրա համար Եվրոպային առաջարկվում է «ռազմավարական զարթոնք», որն անհրաժեշտ է պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու համար։
Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունը պատրաստում է ազգային ռազմավարական փաստաթուղթ։