Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ին զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում և պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը։
Հունվարի 20-ին Դավոսում ելույթ ունենալով՝ Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի ենթարկվի ճնշումների և չի վախենա։ Ֆրանսիայի նախագահը խստորեն քննադատել է Թրամփի սպառնալիքը բարձր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ, եթե Եվրոպան թույլ չտա նրան վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։
ՆԱՏՕ-ի առաջնորդները զգուշացրել են, որ Գրենլանդիայի շուրջ Թրամփի ռազմավարությունը կարող է ցնցել դաշինքը։
Ֆրանսիան այլ եվրոպական երկրների հետ մեկտեղ նախորդ շաբաթվա ընթացքում զորքեր է տեղակայել Գրենլանդիայում՝ Դանիայի գլխավորությամբ անցկացվող «Արկտիկական դիմացկունություն» համատեղ զորավարժություններին մասնակցելու համար:
Վերջին շաբաթներին ԱՄՆ վարչակազմն ակտիվացրել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ջանքերը։ Սակայն դանիական իշխանությունները մինչ այժմ հրաժարվել են զիջել կղզին։ Գրենլանդիայի իշխանությունները նույնպես հայտարարել են, որ հետաքրքրված չեն ԱՄՆ-ին միանալու հարցով։



