Ֆրանսիան ՀՀ-ին ռազմական օգնություն կտրամադրի՞...

Մենք պարտավոր էինք լինել Հայաստանում, քանի որ առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում, բռնկվում և խոցելի են դարձնում Հայաստանը՝ այս մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

«Մենք՝ Ֆրանսիան, պետք է կանգնած լինենք եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների, հարձակումների: Սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքները աղմուկ են բարձրացրել Ֆրանսիայում, և ԱԺ-ն արձագանքել է դրան: Մասնավորապես, ընդունվել է բանաձև, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիան դադարեցնել և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատել: Ինչպես գիտեք՝ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու երկրի սուվերենությունն ու անկախությունը: Կառավարության և նախագահ Էմանուել Մակրոնի, ընդհանրապես մեր երկրի զգոնությունն ամբողջական է: Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ։

Մենք շատ անհանգիստ ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ: Մենք մտահոգված ենք, քանի որ շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, դուք ծանոթ եք Ֆրանսիայի դիրքորոշմանը, Ֆրանսիան չի ճանաչում անկախությունը համապատասխան միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք: Այսօր կարծում ենք՝ այլ ճանապարհներ կիրառելը տեղին չեն, քանի դեռ հնարավոր խաղաղության ու եկխոսության ճանապարհը սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով: Մեր ջանքերը 100 տոկոսով դեպի այդ կարգավորմանն են ուղղված»,-ասել է ֆրանսիացի պաշտոնյան: