2024 թվականի սկզբից Փարիզը Մոսկվային ավելի քան 600 միլիոն եվրո է վճարել գազի մատակարարումների համար։ Չնայած դրան՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրեն դիրքավորել է որպես Ուկրաինայի ամենամեծ պաշտպաններից մեկը։ Այս մասին գրում է ամերիկյան Politico հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ այս տարվա առաջին երեք ամսին Ֆրանսիա ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարումներն ավելի շատ են աճել, քան ԵՄ ցանկացած այլ երկիր։
«Չի կարող այնպես լինել, որ Ֆրանսիան մի կողմից ասի, որ մենք պետք է կոշտ լինենք Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ մեծ գումարներ վճարի նրանց»,- ասել է ԵՄ երկրներից մի դիվանագետ։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակն ասել է, որ ռուսական գազի գնման աճը մասամբ պայմանավորված է գործադուլներով, որոնք «էականորեն խաթարել են» բնականոն հոսքերն անցյալ տարի:
Բացի այդ, Փարիզը ԵՄ-ի իր դաշնակիցների հետ «պարբերաբար քննարկում է» հանածո վառելիքի ռուսական ներմուծումը նվազեցնելու ջանքերը: Մամուլի խոսնակն ասել է, որ գազի «բարձր մակարդակը» անցնում է Ֆրանսիայով և օգնում է այն մատակարարել այլ երկրներ, մասնավորապես Իտալիա: