Տասնյակ զայրացած ագարակատերեր հինգշաբթի ցույց են անցկացրել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի դիմաց՝ Փարիզ բերելով մոտ հարյուր տրակտոր՝ ի նշան Հարավային Ամերիկայի հինգ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցելու Եվրամիության ծրագրի դեմ բողոքի, հաղորդում է Associated Press-ը։
Ֆրանսիացի ագարակատերերը տարիներ շարունակ դատապարտել են Մերկոսուրի երկրների՝ Բրազիլիայի, Արգենտինայի, Բոլիվիայի, Պարագվայի և Ուրուգվայի հետ առևտրային համաձայնագիրը՝ պնդելով, որ այն կվնասի ֆրանսիացի ագարակատերերի կենսապահովմանը։
Հինգշաբթի օրվա բողոքի ցույցը կազմակերպել էր Գյուղատնտեսական համակարգման միությունը՝ Ֆրանսիայի կառավարության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու նպատակով, որն, ըստ ցուցարարների, բավարար չափով վճռական հանդես չի գալիս ընդդեմ գործարքի։
Ագարակատերերը հավաքվել էին Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց՝ ոստիկանության մեծ ներկայության հսկողության ներքո։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ չնայած իշխանությունների արգելքներին մոտ 20 տրակտոր Փարիզի կենտրոնում է, որոշները՝ Հաղթանակի կամարի, իսկ մյուսները՝ Էյֆելյան աշտարակի մոտ։ Տրակտորների շարասյուները «շրջում էին և ճանապարհ էին բացում»,- հայտնել են նախարարությունից։ Սակայն տրակտորների մեծ մասնը արգելափակված էր կենտրոնից ավելի հեռու՝ Փարիզի սահմանը նշող կարևոր տրանսպորտային մայրուղիների վրա: Եվրամիությունն այս շաբաթ վերսկսեց Հարավային Ամերիկայի հինգ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ներքին բանակցությունները՝ լուրերի ֆոնին, ըստ որոնց համաձայնագիրը կարող է ստորագրվել Պարագվայում հունվարի 12-ին: Համաձայնագրի կողմնակիցները՝ Գերմանիայի գլխավորությամբ, կարող են հաղթահարել Ֆրանսիայի և Լեհաստանի առարկությունները։
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Աննի Ժենարը չորեքշաբթի վերահաստատել է Մերկոսուրի համաձայնագրին Ֆրանսիայի դեմ լինելը՝ հայտարարլով, որ այն սպառնում է տավարի և հավի մսի, ինչպես նաև շաքարի, էթանոլի, մեղրի և այլ ոլորտների արտադրությանը:



