Ֆլորիդայում ուկրաինական թիմի հետ հանդիպումն արդյունավետ էր, սակայն խաղաղության համաձայնագրի որոնման հարցում աշխատանքները դեռ շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Խոսքը միայն այն պայմանների մասին չէ, որոնք վերջ են դնում մարտերին։ Խոսքը նաև այն պայմանների մասին է, որոնք Ուկրաինային երկարաժամկետ բարեկեցություն են ապահովում։ Կարծում եմ՝ մենք այսօր քննարկումները դրա վրա ենք կառուցել, բայց դեռ շատ անելիք կա»,- նշել է Ռուբիոն։
Ռուբիոն նաև հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 1-ին կայցելի Մոսկվա։
Իր հերթին, ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը բանակցությունները որակել է «արդյունավետ և հաջողված»։
«Մեր նպատակը բարգավաճ, ուժեղ Ուկրաինան է»։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը։ Եվ Միացյալ Նահանգները շատ ուժեղ աջակցություն է ցուցաբերել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Ումերովը, ինչպես Ռուբիոն, նշել է, որ Ֆլորիդայում կայացած հանդիպումը հիմնված էր Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Ժնևում կայացած բանակցությունների վրա։
Նոյեմբերի 30-ի երեկոյան Ֆլորիդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների բանակցությունները տևել են մոտ չորս ժամ։



