Ֆինլանդիայի զինված ուժերը հակահետևակային ականների գնման նախագիծ են սկսել՝ նախատեսելով ձեռք բերել ժամանակակից և պարզ ականներ, գրում է Helsingin Sanomat-ը։
«Ֆինլանդիայի զինված ուժերը մեկնարկում են հակահետևակային ականներով նյութական ապահովման նախագիծը։ Մեր նպատակն է ձեռք բերել ժամանակակից ու պարզ ականներ և հնարավորինս արագ սկսել դրանց արտադրությունը», - պարբերականին հայտնել է սակրավորական ստորաբաժանումների տեսուչ, գնդապետ Ռիկու Միկկոնենը:
Ականների գինը և քանակը կորոշվեն ավելի ուշ: Ակնկալվում է, որ ամենաէժան տարբերակների դեպքում հակահետևակային ականը կարժենա մոտ քսան եվրո, իսկ ավելի թանկ մոդելները՝ մինչև մի քանի հարյուր եվրո:
Ներկայումս Պաշտպանության ուժերը ձգտում են ձեռք բերել էժան և օգտագործման համար պարզ ականներ: Ավելի ուշ կգնվեն ավելի բարձր տեխնոլոգիական և թանկարժեք հակահետևակային ականներ՝ օժտված ժամանակակից սենսորներով, հեռակառավարման համակարգով, հեռահար տեղադրման հնարավորությամբ և ինքնաչեզոքացման գործառույթով:
Թերթը հայտնում է, որ նոր հակահետևակային ականները մշակվում են Պաշտպանության ուժերի և ֆիննական պաշտպանական արդյունաբերության համագործակցությամբ՝ նպատակ ունենալով դրանք արտադրել հենց Ֆինլանդիայում:
Ֆինլանդիան հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիային միացել է 2012 թվականին և դուրս եկել դրանից 2025 թվականի ամռանը:



