Ֆինլանդիան 198 միլիոն եվրոյի ռազմական օգնությ...

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային ռազմական օգնության 27-րդ փաթեթը տրամադրելու վերաբերյալ, որը կկազմի 198 միլիոն եվրո: Այս մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ պատճառներով և օգնության անվտանգ առաքումն ապահովելու նպատակով պաշտպանության նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնում օգնության ստույգ բովանդակության, միջոցի կամ գրաֆիկի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային արդեն մատակարարված ռազմական տեխնիկայի ընդհանուր արժեքն այժմ կազմում է 2,5 միլիարդ եվրո։

Ըստ գերատեսչության՝ օգնությունը ցուցաբերվում է՝ հաշվի առնելով ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Պաշտպանության ուժերի ռեսուրսների հետ կապված իրադրությունը։