
Ֆիլիպինների ոստիկանությունը, Միջազգային քրեական դատարանի որոշմամբ, ձերբակալել է նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին մարդկության դեմ հանցագործություններ գործելու համար, հայտնել է Bloomberg-ը։
Ոստիկանությունը Դուտերտեին ձերբակալել է Մանիլայի օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Հոնկոնգից։
Դուտերտեի պաշտպանությունը կխնդրի 79-ամյա նախկին նախագահին հիվանդանոցում պահել, հաղորդում է ABS-CBN News-ը։ Բացի այդ, Դուտերտեի փաստաբանը ՄՔԴ-ի որոշումը անօրինական է անվանել, քանի որ դատարանը Ֆիլիպինների նկատմամբ իրավասություն չունի. երկիրը դուրս է եկել ՄՔԴ-ից 2019 թվականին Դուտերտեի հրահանգով:
Դատարանը, իր հերթին, ընդգծել է, որ իրավասու է քննել 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 16-ը կատարված հանցագործությունները։
Ֆիլիպինների կառավարության տվյալներով՝ Դուտերտեի հրամանով անվտանգության ուժերը 6,252 մարդ են սպանել թմրանյութերի դեմ պայքարի գործողությունների ընթացքում։ Ակտիվիստները պնդում են, որ իրականում «թմրանյութերի դեմ պատերազմի» զոհերի թիվը շատ ավելի մեծ է եղել։ Ոստիկանությունը հերքում է դա։
ՄՔԴ-ն սպանվածների թիվը գնահատում է 12,000 մարդ: Դուտերտեն հերքել է, որ պատվիրել է սպանել թմրանյութերի օգտագործման և տարածման համար կասկածվողներին և ասել, որ ոստիկաններին հրահանգել է սպանել միայն ինքնապաշտպանության դեպքում: