
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ելույթ կունենա Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի բացմանը։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆիդանին կուղեկցեն թուրք պաշտոնյաներ, հնարավոր է՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինը և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։
Թուրքական հեռուստաալիքները հաղորդում են, որ բանակցությունները նախատեսված է սկսել չորեքշաբթի օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում։
Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։