Ֆիցոն հայտարարել է, որ այլևս չի արգելափակի Ռո...

Բրատիսլավան կդադարի խոչընդոտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Ֆիցոն տեսաուղերձում ասել է, որ հուլիսի 18-ին կհանձնարարի սլովակ ներկայացուցիչներին աջակցել պատժամիջոցների փաթեթին։

«Վաղը պատժամիջոցների 18-րդ փաթեթի արգելափակումը շարունակելը հակաարդյունավետ կլինի։ Այս պահին բոլոր տարբերակները սպառված են, և արգելափակելու մեր դիրքորոշումը պահպանելը արդեն իսկ կվտանգի մեր շահերը», - ասել է Ֆիցոն հուլիսի 17-ի երեկոյան։

Շաբաթվա սկզբին Ֆիցոն հայտարարել էր, որ մտադիր է խոչընդոտել պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատումը, մինչև Բրյուսելից չլինեն էներգետիկայի հարցերի վերաբերյալ ավելի կոնկրետ երաշխիքներ։ Նա նշել էր, որ սլովակյան քաղաքական կուսակցություններն անբավարար են համարել Եվրահանձնաժողովի կողմից երկրին առաջարկված երաշխիքները՝ կապված 2028 թվականից հետո ռուսական գազից հրաժարվելու ԵՄ ծրագրի հետ։

ԵՄ-ն հուլիսի 15-ին հերթական անգամ չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ։ Այս միջոցառումների հաստատումը պահանջում է ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Պատժամիջոցները հաստատելու ևս մեկ փորձ է արվել հուլիսի 16-ին, սակայն այն նույնպես ձախողվել է Բրատիսլավայի դիրքորոշման պատճառով։

Այս տարվա սկզբին Եվրահանձնաժողովը մշակել է ռուսական գազից հրաժարվելու առաջարկներ։ Այս պլանի իրականացման մեխանիզմը չի նախատեսում միաձայն հաստատում։ Հետևաբար, Սլովակիան միայնակ չի կարող խոչընդոտել նման որոշման ընդունմանը։ Այդ պատճառով Ֆիցոն որոշել էր արգելափակել պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը պահանջում է ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը, մինչև չստանա գազի մատակարարման վերաբերյալ բավարար երաշխիքներ։