Ադրբեջանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ֆարսը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, սկսվել է բողոքարկման քննարկումը։
Հիշեցնենք, որ Վ.Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նրան առեւանգել են այս տարվա ամռանը Լաչինի միջանցքը հատելիս, ընդ որում՝ առեւանգել են տառացիորեն ԿԽՄԿ-ի ձեռքերից։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանքներ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առեւանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է մեղադրյալների աթոռին։ Հապճեպ սարքված գործով անցնում են 59 «տուժողներ», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին եւ պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել ներկայացված մեղադրանքներով եւ հայտարարել է, որ ոչ մի հանցագործության չի մասնակցել։