ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը հունից դուրս եկավ Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ քրեական վարույթի վերաբերյալ հարցից։
Պատգամավոր Աննա Գրիգորյանը, մասնավորապես, հիշեցրեց Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ ռեպրեսիայի գործով ՔԿ նախագահի հայտարարությունը, որով Պողոսյանը «գյուլելու» խոսքը ներկայացրել էր այն կոնտեքստում, թե իբրև տեղի էր ունենալու իշխանազավթում, ինչին հաջորդելու են ձերբակալելու և «գյուլլելու» գործընթացներ, մինչդեռ, դրանք հերքվել են հենց գործի նյութերով, ձայնագրություններով։ Բացի այդ, Հովհաննես Ավետիսյանը և Բագրատ Սրբազանը հստակ նշել են, որ ոչ մի պայմանում ոստիկանների հետ կռվի մեջ մտնել չի կարելի։
«Պատրաստվու՞մ եք ժողովրդից ներողություն խնդրել»,- ասաց Աննա Գրիգորյանը։
ՔԿ նախագահն էլ վրդովվեց՝ նշելով, թե որևէ բան կոնտեքստից չի կտրել, վերահաստատում է․ «Եղե՞լ է խոսակցություն՝ պատերի տակ գյուլլելու։ Բա մյուս խոսակցությունները։ Ախր դուք տեղյակ եք, որ գործով իր ձեռքով գրված ապացույցներ կա, որ ինքն իր ձեռքով որակում է տվել՝ «ահաբեկչական գործողություն», դա խուզարկությամբ է հանտնաբերվել։ Որակումն էլ են իրենք տվել, թե ոնց են զավթում, գրավում ոստիկանության շենքը։ Սենսացիա՞ եք ուզում ինձնից։ Մեկը խոսում է ձվածեղ սարքելու մասին»։
Նա հայտարարեց՝ մարդ պետք է սուտ չխոսի։
«Նույնիսկ՝ հոգևորականը, հոգևորականը պետք է սուտ չխոսի, Քննչական կոմիտեի նախագահը պարտավոր է սուտ չխոսել, իսկ հոգևորականը բարոյական պարտավորություն ունի, թող ճիշտն ասի»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ինքը ճիշտն է խոսում և պատասխանատու է։
Ինչ վերաբերում է Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից կեղծ պատարագ մատուցելուն և այն հանգամանքին, որ քննիչը որոշել է բոլոր հոգևորականներին նույն կիրակի օրը կանչել հարցաքննության, ինչով էր պայմանավորված այդ հրատապությունը, ՔԿ նախագահը նշեց, թե քննիչները շաբաթ և կիրակի օրերին էլ են աշխատում, քննիչն է որոշում, հարցաքննության ծանուցագրերն ուղարկում է այն ժամանակահատվածում, երբ նպատակահարմար է գտնում;
Բացի այդ, Աննա Գրիգորյանը նշեց, որ խուզարկությունների ժամանակ հոգևորականներին թույլ չեն տվել անգամ գիշերազգեստը փոխի։



