Եվրոպայում անտառային հրդեհներից առաջացած ավեր...

Եվրոպայում անտառային հրդեհներն ավելի քան 400 հազար հեկտար տարածք են այրել, ինչը 87 %-ով ավելի է, քան տարվա այս ժամանակահատվածի միջին ցուցանիշը վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է The Guardian թերթը։

«Տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում Եվրոպայում ուժեղ շոգից։ Հետազոտողների գնահատմամբ՝ մինչև դարի վերջ Եվրոպայում վտանգավոր ջերմաստիճաններից կմահանա տարեկան 8-ից մինչև 80 հազար մարդ», - ասված է հոդվածում։

Անոմալ շոգը ջերմաստիճանային ռեկորդներ է սահմանում ամբողջ Եվրոպայում և հանգեցնում ավելի մասշտաբային անտառային հրդեհների։ Այսպիսով, օգոստոսի 11-ին ջերմաստիճանի նոր առավելագույն ցուցանիշ է սահմանվել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, որտեղ գրանցվել է +40 աստիճանից բարձր ջերմաստիճան։ Օդերևութաբանները նշում են, որ նույնիսկ «աննախադեպ առավելագույն ջերմաստիճանները» 12 աստիճանով բարձր են եղել նորմայից։

Խորվաթիայում ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշները գրանցվել են Շիբենիկում (+39,5 աստիճան) և Դուբրովնիկում (+38,9 աստիճան), մինչդեռ երկրի ափերին խոշոր անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ջերմաստիճանային ռեկորդներ են գերազանցվել նաև Կանադայում և Իրաքում։

Ըստ Le Parisien թերթի՝ օգոստոսի 6-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի անտառային հրդեհը դարձել է հանրապետությունում վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծը։ Կրակի տարածմանը նպաստել են ուժեղ քամիները, որոնցից մի քանիսը հասել են 60 կմ/ժ արագության, ինչպես նաև հողի չորությունը և 25 %-ից ցածր խոնավությունը։

BFMTV հեռուստաալիքը օգոստոսի 7-ին նշել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցած խոշոր հրդեհը 24 ժամում Օդ շրջանի ավելի քան 16 հազար հեկտար բուսականություն է ընդգրկել։ Նշվել է, որ դրա հետևանքով մահացել է առնվազն մեկ մարդ։ Հետագայում հրդեհը հաջողվել է տեղայնացնել։