Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք` հյուսիսային լայնության 39-րդ զուգահեռականի երկայնքով, անցնելով չորս անդամ պետության՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով: Այդ մասին Մոնակոյում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն:
«Այդ պետությունները գտնվում են Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում պատերազմների և Կենտրոնական Ասիայի քաղաքական ու տնտեսական փոփոխությունների խաչմերուկում, որոնց մասշտաբները Եվրոպան դեռևս չի յուրացրել: Վաշինգտոնի հռչակագրից մեկ տարի անց Հայաստանը և Ադրբեջանը իրական հնարավորություն ունեն առաջընթացը վերածելու կայուն խաղաղության, իսկ Հայաստանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Բերսեն։
Առանձին անդրադառնալով Թուրքիային՝ նա ընդգծել է, որ բնակչության թվով այն ՆԱՏՕ-ի ամենամեծ անդամններից է և ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ ռազմական ուժը, ուստի առանց Անկարայի՝ մայրցամաքում անվտանգության վերաբերյալ ոչ մի լուրջ խոսակցություն տեղի ունենալ չի կարող:
«Կառավարությունների միջև խաղաղությունը բավարար չէ։ Դրա համար անհրաժեշտ են հասարակությունների միջև վստահությունը, իրավունքների հարգումը և հաշտեցումը պահպանելու ունակ ինստիտուտները, ինչն էլ ապահովում է ընդհանուր իրավական տարածքը»,- եզրափակել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:



