Եվրոպական տեսանկյունից Քոչարյանի գործն այլևս...

«Կներակայացնեմ եվրոպական տեսակետը, քանի որ մենք դրսից տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Այդ տեսակետից այս քրեական վարույթը այլևս ավարտված է: Մեկ տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններ են տեղի ունեցել, բայց այս ամենի գագաթնակետն եղավ այն, որ դատավոր Դանիելյանը մեկ ամիս առաջ թույլ չտվեց Քոչարյանի փաստաբանին ելույթ ունենալ: 

Նույնիսկ դիկտատուրայում նման բան գոյություն չունի, որովհետև դիկտատուրայում բոլորը խաղում են իրենց դերակատարումներն այդ կատակերգության մեջ, այնտեղ գոնե թույլ են տալիս մարդուն ելույթ ունենալ՝ առանց նրա խոսքին ուշադրություն դարձնելու, բայց այն ինչ Հայաստանում տեղի ունեցավ մեկ ամսիս առաջ, պատմական էր»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը: 

Փաստաբանի խոսքով՝  ՀՀ երկրորդ նախագահի գործի շրջանակներում տարբեր աստիճանի բռնություններ են կատարվել, բայց իրենք առանձնացրել են չորս հիմնական փուլեր։

«Դատավորը պարոն Քոչարյանին կալանավորեց հեռախոսազանգերից հետո։ Դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը, և ուզի դատավորը թե ոչ՝ դա առաջին փուլն էր, որն իրենից հետո կբերեր դատավորի ազատման դիմումը եվրոպական ցանկացած երկրում։ 

Երկրորդ փուլը Քոչարյանին կալանքից ազատելուց հետո էր, երբ վարչապետը հրահանգեց փակել դատարանների դռները, ինչը ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա, և դա անընդունելի է:

Երրորդ փուլը փաստաբանի ելույթ չունենալն էր, և չորրորդ փուլը զառանցանքի հասնող փուլ էր, երբ վարույթ սկսեցին այն դատարանի նկատմամբ, որը  փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը»,- ասաց նա:

Փաստաբանը նկատեց, որ դիտարկված չորս փուլերից առնվազն երեքում նկատել են, որ փորձել են դատավորներին ճնշել։