Եվրոպական միության համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը, և այդ հարցում Հայաստանը կարող է ապավինել Բրյուսելի աջակցությանը։
Այս մասին Երևանում ընթացող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված հանդիպման ընթացքում հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Կոշտան պատմական նշանակություն ունեցող միջոցառումներ անվանեց ինչպես մայիսի 4-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն, այնպես էլ մայիսի 5-ին ընթացող և պատմության մեջ առաջին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։
«Սա հստակ ազդակ է առ այն, թե ինչպես է Եվրոպական միությունը ցանկանում կառուցել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հայաստանը նոր՝ խաղաղության, ժողովրդավարական համակարգի կոնսոլիդացիայի ժամանակահատված է թևակոխել, և սա, անշուշտ, լավ միջավայր է ստեղծում Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ընդգծեց Եվրոպական խորհրդի նախագահը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական օրակարգի ընդունումից հետո Երևանի ու Բրյուսելի միջև կապերն ավելի են ամրացել։ ԵԽ նախագահը նշեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն սերտ աշխատանք են տանում նաև անվտանգային և պաշտպանության ոլորտներում՝ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում համատեղ ջանքեր գործադրելով հիբրիդային սպառնալիքների դեմ։
Անտոնիու Կոշտան վկայակոչեց Եվրոպական միության կողմից Հայաստան ուղարկված նոր առաքելության մասին, որի վերաբերյալ ԵՄ-ում որոշումը կայացվել է ընթացիկ տարվա ապրիլին, և որի նպատակն է ամրացնել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը։
«Սա շոշափելի առհավատչյա է մեր համատեղ հանձնառությանը՝ դիմակայելու մարտահրավերներին։ Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը, և դուք կարող եք ապավինել մեզ՝ միասին անցնելու այս ուղին և թևակոխելու մեր ընդհանուր ճակատագրի նոր փուլ։ Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի, և կապում է Եվրոպան Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը, և սա է նաև մեր տարածաշրջանների ապագան»,-շեշտեց Անտոնիու Կոշտան։
Եզրափակելով խոսքը՝ նա նաև ընդգծեց, որ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքները հիմք ընդունելով՝ կողմերը կկարողանան զարգացնել ռազմավարական գործընկերությունը, համատեղ ներդրումը խաղաղության մեջ՝ հանուն Հայաստանի և Եվրոպայի բարեկեցության։
Եվրամիությունը 2026 թվականի ապրիլին հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն (EUPM), որը նպատակ ունի խորացնել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերությունը և նպաստել անվտանգությանը:
Ըստ այդ փաստաթղթի՝ առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։
Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբեռհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։
Առաքելությունը պետք է նաև գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։



