
Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան եվրոպական երկրներին կոչ է արել չթերագնահատել այն սպառնալիքը, որը բխում է Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է Եվրոպայի բոլոր երկրներին, տեղեկացրել է N-tv գերմանական հեռուստաալիքը։
«Իհարկե, Ռուսաստանի հարեւան երկրներն ավելի շատ են անհանգստացած Ռուսաստանով, դա ակնհայտ է։ Բայց սպառնալիքը, որին մենք բախվում ենք, վերաբերում է բոլորիս»,- ասել է Կոշտան։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է Եվրոպան շարունակում սատարել Ուկրաինային։ Հանրապետության պաշտպանությունը ծառայում է եվրոպական անվտանգության շահերին, կարծում է քաղաքական գործիչը։
Մինչ այդ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան էր հավաստիացրել, որ Ռուսաստանը մտադիր չէ կանգ առնել Ուկրաինայում անգամ հրադադարի դեպքում եւ կցանկանա նոր հակամարտություն սանձազերծել մի քանի տարի անց։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է հրաժարվի կանաչ քաղաքականությունից եւ պատրաստվի պատերազմի։ Քաղաքական գործիչը նշել է, որ Եվրոպայի անվտանգությունը փաստ չէ, եւ Եվրոպան պետք է պատրաստվի հնարավոր հակամարտությանն անգամ կանաչ քաղաքականությունից հրաժարվելու գնով։