Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավորը Գ...

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական Միությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Լարս Պատրիկ Բերգն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։  

«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում, միանգամայն անընդունելի իրավիճակ է։ Դաշնային կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի»,- գրել է Բերգը։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք: