Եվրոպական երկրների հետ Իրանի բանակցություններ...

Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ կմնա՝ պայմանով, որ օգտվի դրանով նախատեսված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իրավունքից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Նա նաև նշել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել միջուկային ծրագրի շուրջ «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ Ստամբուլում հուլիսի 25-ին սկսված բանակցությունները:

«Եվրոպական երկրների հետ Իրանի բանակցությունները հստակ և որոշակի թեմայի շուրջ են՝ պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրի», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Բաղային շեշտել է, որ եվրոպական երկրներն իրավական հիմքեր չունեն՝ ակտիվացնելու Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգման մեխանիզմը, և որ Իրանն իր դիրքորոշման մասին հայտնել է այդ երկրներին: 

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ անցկացնելու ծրագրեր առայժմ չկան: 

Բաղային նաև հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը կարող է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այցելել Իրան՝ քննարկելու համագործակցության շարունակման տարբերակները: