Եվրոպացիների և Ալիևի ապտակը Փաշինյանին․ սուտը...

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մոլորեցնել հայ հանրությանը և համոզել, որ TRIPP-ը ոչ թե անվանափոխված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որը սպասարկելու է գլխավորապես թուրք-ադրբեջանական շահը, այլ այս իշխանությունների հորինած «Խաղաղության խաչմերուկի» մի մասն է։

Այն, որ Փաշինյանի այս պնդումները կեղծ էին, հասկանալի էր հենց սկզբից, սակայն քարոզչական փաթեթավորումն այնպիսին է, որ լայն հանրության համար դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է այդ ճանապարհը և Հայաստանը ինչ է կորցնում ու ինչ է ստանում։

Չնայած Փաշինյանի ջանքերին՝ թաքցնելու իրականությունը, այն բացահայտ է դառնում, քանի որ իրենցից բացի որևէ մեկը չի պատրաստվում հայ հանրությանը մոլորեցնելու համար կեղծ պնդումներ անել։ Փաշինյանը հենց սկզբից էլ կասեր հանրությանը, թե ինչն ինչոց է, եթե ընտրություններում ձայներ ստանալու խնդիր չունենար։ Առաջիկա ընտրությունների հանգամանքն է նրան ստիպում տարբեր տերմինների տակ դեռ թաքցնել ճշմարտությունը։

Սկզբում Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ ճանապարհ չի տալու Ադրբեջանին։ Հետո, երբ նախորդ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հանձնեց այդ ճանապարհը, հայտարարեց, թե դա հայ-ամերիկյան համագործակցություն է և լինելու է փոխադարձություն։ Սրան հետևեց Ալիևի կողմից շատ հստակ պատասխան․ հայերը ինչ անուն էլ դնեն այդ ճանապարհին, միևնույն է՝ այն իրենց համար միջանցք է, և ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահ տեսնեն։ Ալիևի այս պահանջի կատարումը քողարկվեց «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս» տերմինների տակ։

Հետո, երբ ժողովուրդը սա «մարսեց», Փաշինյանը մի փոքր էլ բացեց ճշմարտությունը և իր վերջին հարցազրույցում ասաց, որ այսպես կոչված «ֆրոնտ օֆիսում», այսինքն՝ սահմանին, գուցե ընդհանրապես մարդ չլինի և լինի արհեստական բանականություն։ Ճիշտ այն կերպ, ինչպես ասում էր Ալիևը՝ ադրբեջանցիները հայերի չպետք է հանդիպեն։

Այն, որ TRIPP-ը զուտ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման ճանապարհ է, վկայեց նաև այն փաստը, որ Վաշինգտոնում ստորագրված հայտարարությունից օրեր անց՝ օգոստոսի 22-ին, Թուրքիան և Ադրբեջանը սկսեցին Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման շինարարական աշխատանքները։ Սա նշանակում է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան գնացող գնացքները չեն գալու և արդեն գոյություն ունեցող երթուղով չեն մտնելու Երասխով Հայաստան՝ Թուրքիա հասնելու համար։ Թուրք-ադրբեջանական նախագծով նրանք ցանկանում են շրջանցել Հայաստանը, և ահա հենց այդ շրջանցումն է, որ TRIPP-ը դարձնելու է զուտ թուրքական աշխարհի դիրքերն ամրացնող ճանապարհ։ Աշխարհաքաղաքական իմաստով այն սպասարկելու է նաև ԱՄՆ-ի շահերը՝ շրջանցելով Ռուսաստանին և չեզոքացնելով Չինաստանի հնարավորությունները։

Ոմանք կարող են կարծել, թե Հայաստանը շրջանցելու նախագիծը կարող է լինել զուտ թուրքական, և Արևմուտքը կստիպի չշրջանցել Հայաստանը։ Ի վերջո, Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանության մի մասը զիջել է հանուն Արևմուտքի և գլխավորապես ԱՄՆ-ի շահերի։ Բայց արի ու տես, որ Արևմուտքում արդեն պատրաստակամություն են հայտնում աջակցել Կարս-Նախիջևան՝ Հայաստանը շրջանցող և մեկուսացնող նախագծին։

Սրա մասին օրերս Մյունխենի անվտանգության համաժողովում խոսեց եվրոկոմիսար Մարթա Կոսը։ Նա հայտարարեց, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանի երկաթուղու նախագծին։ Այս պահին այս ուղղությամբ գործող կոնկրետ նախագիծը Կարս-Նախիջևանն է։

Մյունխենում Ալիևն էլ շատ ուղիղ հայտարարեց, որ իրենք Հայաստանը շրջանցելու քաղաքականությունը չեն դադարեցնելու․

«Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկին», դուք գիտեք՝ երբ նախագահ Թրամփը վերադարձավ իշխանության, նա գործարկեց TRIPP-ը։ Ահա երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա էլ կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»», — ասաց նա՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին։

Սա ծաղր է և ապացույց, որ TRIPP-ը որևէ աղերս չունի հայկական շահի հետ։