Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը ռիսկի է ենթարկում իր ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը, պարզել է ՌԻԱ Նովոստի-ն՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները:
«ԵԱՏՄ-ին անդամակցությունից հրաժարվելու դեպքում Երևանը կարող է զրկվել առևտրային արտոնություններից, որոնք ստանում էր միությունում գտնվելու հաշվին, այն է՝ միավորման երկրների համար հինգ տոկոսանոց միասնական ցածր սակագնային դրույքաչափից և մի շարք դեպքերում նույնիսկ ապրանքների անմաքս ներմուծման իրավունքից:
Այսպես, 2025 թվականին Հայաստանը միության երկրներ ապրանքների արտահանումից ստացել է 3,2 միլիարդ դոլար։ Առևտրային եկամտի մեծ մասը ստացվել է ռուսական շուկա մատակարարումների հաշվին՝ 2,9 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, հայաստանյան ներմուծողները ԵԱՏՄ երկրներից գնել են 5 միլիարդ դոլարի ապրանք։ Հիմնականում նրանք արտադրանք են ներմուծել Ռուսաստանից. այս ցուցանիշը կազմել է 4,87 միլիարդ դոլար։
Այսպիսով, 2025 թվականին Երևանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ հասել է 8,2 միլիարդ դոլարի, իսկ մնացած աշխարհի հետ՝ 13,2 միլիարդ դոլարի։ Սա խոսում է այն մասին, որ միության հետ առևտրին բաժին է ընկնում հայկական ողջ ապրանքաշրջանառության 38,5 տոկոսը:
Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին, որն ապրիլին հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ մաքսային միության մեջ գտնվելը և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հետ անհնար է։
Վերջին շրջանում Երևանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել Մոսկվայի նկատմամբ։ Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում էին, որ Արևմուտքի նպատակն է Հայաստանն օգտագործել Ռուսաստանի դեմ, մասնավորապես՝ ԵՄ-ին անդամակցելու մասին պոպուլիստական կարգախոսի օգնությամբ նրան գրավելով դեպի արևմտյան ճամբար։ Հայաստանի ղեկավարությունը, սակայն, չի անսում նախազգուշացումներին. վերջին շրջանում այնտեղ ձեռնարկել են որոշակի քայլեր, որոնք դաշնակցային հարաբերությունների փոփոխության ռիսկ են պարունակում։
Ինչպես հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, երկրի վարչապետն ակտիվորեն մղում է նրան ներկայիս Ուկրաինայի ուղիով։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը համառորեն ներքաշում է հանրապետությունը Եվրամիություն՝ միաժամանակ փորձելով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:



