ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի ջանքերին՝ ամբողջ երկրում պետական իշխանությունը հաստատելու, այդ թվում՝ իրաքյան նավթի մաքսանենգությունը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։
«Մենք աջակցում ենք Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի ջանքերին՝ ամբողջ Իրաքում պետական իշխանությունը հաստատելու, իրաքյան նավթի մաքսանենգությունը դադարեցնելու, կոռուպցիան վերացնելու և բոլոր զինատեսակները պետության բացառիկ վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ», - գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ աջակցում է վարչապետ ազ Զեյդիի ջանքերին՝ կառուցելու միասնական, բարգավաճ և ուժեղ Իրաք, որն ինքնուրույն է կայացնում իր քաղաքական որոշումները։
Իրաքի վարչապետը պաշտոնը ստանձնելուց ի վեր լավ հարաբերություններ է հաստատել Թրամփի հետ։
Իրաքի դաշնային կառավարության և ինքնավար Քրդստանի տարածաշրջանային կառավարության միջև լարվածությունը սրվել է ազ Զեյդիի հրահանգից հետո, որով դաշնային անվտանգության ուժերին հանձնարարվել է մուտք գործել տարածաշրջան և վերահսկողություն հաստատել սահմանային անցակետերի և նավթահանքերի նկատմամբ։
Այս քայլին նախորդել էր կառավարության հետաքննությունը՝ կապված Քրդստանում նավթի մաքսանենգության հետ։ Նոյեմբերի 23-ին Իրաքի նավթի նախարար Բասեմ Խուդեյրը Իրաքյան Քրդստանի իշխանություններին մեղադրել էր դաշնային North Oil Company ընկերությանը պատկանող նավթահանքերի նկատմամբ ոչ իրավազոր վերահսկողություն իրականացնելու մեջ և պահանջել դրանք վերադարձնել կենտրոնական վարչակազմի կառավարման ներքո։ Նա նշել էր, որ հետաքննությունը թույլ է տվել հաստատել Իրաքի հյուսիսային նավթահանքերից նավթի մաքսանենգության դեպքերը։
Քրդական իշխանությունները խստորեն դատապարտել են վարչապետի այս քայլը՝ որակելով այն որպես Քրդստանի տարածաշրջանի սահմանադրական իրավունքների խախտում։



