
Ռուսաստանի նախագահը գտնվում է Տաջիկստանում՝ չնայած Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) արձակած ձերբակալման հրամանագրին։ Տաջիկստանը, որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետություն, չի կատարել Կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ ձերբակալման հրամանագիրը կատարելու վերաբերյալ։ Դրա մասին ասված է Տաջիկստանում Եվրոպական Միության պատվիրակության հայտարարության մեջ։
«Միջազգային քրեական դատարանը ձերբակալման հրամանագիր է արձակել Վլադիմիր Պուտինի նկատմաամբ՝ միջազգային հանցագործությունների, մասնավորապես՝ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից երեխաների անօրինական արտաքսման և անօրինական տեղափոխման ենթադրյալ հանցագործությունների համար՝ Ուկրաինայի դեմ նրա անօրինական ագրեսիվ պատերազմի համատեքստում։
ԵՄ-ն իր վճռական աջակցությունն է հայտնում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքով կատարված բոլոր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների, ինչպես նաև զոհերի հարազատների՝ արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների իրավունքի ապահովման ջանքերին։ Այս առումով ԵՄ-ն շարունակում է աջակցել Միջազգային քրեական դատարանի դատախազի՝ Ուկրաինայում անցկացվող հետաքննություններին և կոչ է անում բոլոր պետություններին համագործակցել։
«ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Միջազգային քրեական դատարանին և Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», - ասված է հայտարարության մեջ։