Եվրամիությունը կսահմանափակի Բրյուսելում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության անդամների թիվը մինչև 40 հոգի, ինչպես նաև մտադիր է արգելել Ուկրաինայի դեմ պատերազմի բոլոր մասնակիցների մուտքը միության երկրներ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: «Մենք չենք հանդուրժի դիվանագիտական լիազորությունների չարաշահումը: Եվ Եվրահանձնաժողովի հետ միասին մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի ապագայում թույլ չտանք հարյուր հազարավոր նախկին ռուս զինվորների մուտքը Շենգենյան գոտի: Մենք չենք ուզում, որ ռազմական հանցագործներն ու դիվերսանտները շրջեն մեր փողոցներով», — ասել է Կալասը:
Ի պատասխան, ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Բրյուսելը որոշել է կրճատել դիվանագիտական ներկայացուցչության չափը՝ փետրվարի 24-ին լայնածավալ պատերազմի բռնկման չորրորդ տարելիցի առթիվ 20-րդ պատժամիջոցների փաթեթը չընդունելու պատճառով: ԵՄ-ն նաև չկարողացավ համաձայնության գալ Կիևին 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու շուրջ: Ավելին, այս քայլը ձեռնարկվել է «Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին՝ դիվանագիտական շփումներին խոչընդոտելու» նպատակով, նշել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, փոխանցում է The Moscow Times-ը:
Հունգարիան կանխել է Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունումը և Ուկրաինային վարկի հաստատումը։ Պատճառը «Դրուժբա» խողովակաշարով Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցման դադարեցումն է։ «Մինչև Ուկրաինան չվերսկսի «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա նավթի տարանցումը, մենք թույլ չենք տա, որ Կիևի համար կարևոր որոշումներ կայացվեն», - հայտարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Կիևը տարանցման դադարեցումը բացատրել է հունվարի վերջին գազատարին հասցված վնասով։



