Եվրամիության երկրների ղեկավարները «լուրջ կասկածներ» են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդի» կանոնադրության որոշ դրույթների վերաբերյալ: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, տեղեկացրել է ԵՄ կայքը:
Նրա խոսքով՝ կանոնադրության որոշ տարրեր, որոնք վերաբերում են կազմակերպության գործունեության շրջանակին, կառավարման մեխանիզմներին եւ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխանությանը, հարցեր են առաջացնում:
Միեւնույն ժամանակ, Կոշտան ընդգծել է, որ ԵՄ-ը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների եւ «Խաղաղության խորհրդի» հետ՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագիրն իրականացնելու նպատակով:
Կանոնադրության ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 22-ին շվեյցարական Դավոսում: Փաստաթղթին աջակցել են 18 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Արգենտինայի, Թուրքիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Կատարի, Կոսովոյի, Հունգարիայի, Հայաստանի, Ուզբեկստանի, Պարագվայի, Ադրբեջանի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Բուլղարիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Պակիստանի եւ Ինդոնեզիայի:



