
Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևի նախագծին, որը թույլ է տալիս օգտագործել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի սառեցված ակտիվները՝ աջակցելու Սիրիայում քաղաքական անցման և վերակառուցման գործընթացին։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Մարտի 12-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած նիստի ընթացքում բանաձևի նախագիծը հաստատվել է 462 կողմ, 76 դեմ, 106 ձեռնպահ ձայներով։
Թեև բանաձևի նախագիծը չի անդրադարձել ԵՄ անդամ երկրներում նախկին ղեկավարության սառեցված ֆինանսական ակտիվների չափին, սակայն Եվրախորհրդարանի անդամները ԵՄ անդամ երկրներին կոչ են արել ուսումնասիրել նախկին նախագահ Ասադի սառեցված ակտիվների օգտագործումը վերակառուցման, վերականգնման և տուժածների փոխհատուցման համար:
Եվրախորհրդարանը կոչ է արել անդամ երկրներին աջակցել Սիրիայի նոր վարչակազմին երկրում էներգետիկայի, ջրի, առողջապահության և կրթության ոլորտների վերակառուցման գործում և աջակցել քաղաքական անցմանը երկիրը միավորելու համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայում տեղահանվել է մոտ 500 000 մարդ, և որ բնակչության 90%-ն ապրում է աղքատության մեջ։
Եվրախորհրդարանի անդամները մատնանշել են «անվտանգային փխրուն իրավիճակը» Սիրիայում, մասնավորապես՝ երկրի ափամերձ շրջաններում, և դատապարտել ալավիների սպանությունները՝ որպես վրեժխնդրություն Ասադի վարչակազմի հետ կապված լինելու համար:
Ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը բարձր է գնահատել սիրիացի ժողովրդի «քաջությունը, արժանապատվությունն ու տոկունությունը»՝ հավելելով, որ քաղաքական անցումը պետք է համախմբի սիրիական հասարակության բոլոր տարբեր շերտերին, մասնավորապես բոլոր կրոնական և էթնիկ խմբերին, կանանց և խաղաղ ընդդիմադիր ուժերին:
Մյուս կողմից եվրոպացի խորհրդարանականները Սիրիայի նոր իշխանություններին կոչ են ուղղել «ազատվել Ռուսաստանի և Իրանի հետ իրենց հին տխրահռչակ դաշինքներից, որոնք տառապանք են պատճառել սիրիացի ժողովրդին և ապակայունացրել Մերձավոր Արևելքը»։
Եվրոպացի խորհրդարանականները կոչ են արել Սիրիայի իշխանություններին դադարեցնել ռուսական ռազմական ներկայությունը երկրում՝ դատապարտելով Մոսկվայի կողմից Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին ապաստանի տրամադրումը, որը թույլ չի տալիս նրանց նկատմամբ «արդարադատություն իրականացնել»։
Անդրադառնալով Սիրիայի վրա Իսրայելի հարձակումներին՝ եվրոպացի խորհրդարանականները կոչ են արել հարևան երկրներին հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անհապաղ դադարեցնել բոլոր հարձակումները և օկուպացիան։
Ավելի վաղ ԵՄ-ն Սիրիայի վերականգնմանն աջակցելու ջանքերի շրջանակում 2025 թվականի փետրվարին կասեցրել էր մի շարք պատժամիջոցներ, որոնք սահմանվել էին նախկին վարչակազմի դեմ։