Եվրոպական խորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց, որոնցում խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ու կոչ անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ ամուր երաշխիքների ներքո։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցն ընդգծում է հայկական մշակութային, պատմական եւ կրոնական ժառանգության պաշտպանության կարեւորությունը՝ պահանջելով պաշտպանել դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։
Եվրախորհրդարանականները զեկույցում նշել են, որ Բաքուն խախտել է միջազգային եւ մարդու իրավունքները, ափսոսանք հայտնել, որ խախտել է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ և ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում ստանձնած պարտավորությունները։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական երկխոսությունն առաջընթացի միակ կայուն ճանապարհն է և կոչ է արվում ԵՄ-ին ու նրա անդամ պետություններին աջակցել նման ջանքերին», - ասված է զեկույցում, որն ընդգծում է, որ արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղությունը, որը պահպանում է երկու երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, կայունության նախապայմանն է։