
Ֆինլանդիան իրավունք ունի փակել Ռուսաստանի հետ իր արևելյան սահմանը՝ ելնելով ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունից։ Այդ մասին ֆիննական YLE հեռուստաընկերությանը հայտնել է Եվրախորհրդարանի հաղորդակցությունների գլխավոր տնօրինության մամուլի քարտուղար Ալեսիո Ինկորվայան։
«Ռուսաստանի կողմից պատերազմի և հիբրիդային սպառնալիքների պայմաններում Ֆինլանդիան, Շենգենյան սահմանային օրենսգրքին համապատասխան, իրավունք ունի փակել արտաքին սահմանի որոշ կետեր՝ իր ազգային անվտանգությունն ու հասարակական կարգը պաշտպանելու նպատակով»,– հայտարարել է Ինկորվայան։
Նա ընդգծել է, որ որոշումը որոշակի ազդեցություն կունենա ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժի, նրանց ընտանիքների անդամների իրավունքների, ինչպես նաև ԵՄ տարածքում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիների իրավունքների իրացման վրա, սակայն դա համարվում է արդարացված՝ բացառիկ հանգամանքներում և անվտանգության սպառնալիքների պարագայում։
«Ցավոք, այս որոշումը անխուսափելիորեն կազդի ազատ տեղաշարժի վրա, սակայն նման միջոցառումները օրինաչափ են՝ հաշվի առնելով առկա անվտանգային մարտահրավերները»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը։