Եվրահանձնաժողովը կներկայացնի միգրացիոն քաղաքա...

Եվրահանձնաժողովը փետրվարին կներկայացնի միգրացիոն քաղաքականության խստացման պլան: Այս մասին հաղորդում է Euractiv հարթակը՝ վկայկոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Հրատարակության տվյալներով՝ ապաստան տրամադրելու և միգրացիայի հարցերի վերաբերյալ հրապարակման ներկայացվող հնգամյա ռազմավարությունը նախատեսում է միգրանտների վերադարձի միջոցառումների ուժեղացում, սահմանային վերահսկողության խստացում, ինչպես նաև ԵՄ-ի՝ ապաստանի հարցերով գործակալության գործունեության հնարավոր վերանայում։

Լրատվական հարթակը նշում է, որ փաստաթուղթը սահմանում է վեց առաջնահերթություն՝ դիվանագիտություն միգրացիոն ոլորտում, Եվրամիության սահմանների ամրապնդում, միգրացիայի և ապաստանի տրամադրման արդար, կայուն և հարմարեցվող համակարգ, միգրանտների վերադարձ և հետ ընդունում, օրինական երթուղիներ և աշխատանքային շարժունակություն, ֆինանսական ռեսուրսների ռազմավարական օգտագործում՝ զուգորդված օպերատիվ աջակցության ընդլայնմամբ։

Euractiv-ի տվյալներով՝ ԵՄ-ն նաև քննարկում է ինստիտուցիոնալ փոփոխությունների անցկացումը։ Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ 2026 թվականին ԵՄ ապաստանի հարցերով գործակալության հիմնադիր կանոնակարգում կարող են ուղղումներ մտցվել, ինչը թույլ կտա ընդլայնել գերատեսչության դերը։

Ավելի վաղ Financial Times թերթը գրել էր, որ ԵՄ երկրները պնդում են ձեռնարկել ավելի խիստ միգրացիոն միջոցառումներ, որոնք որոշ դեպքերում նմանվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։