Եվրահանձնաժողովը հույս ունի սեպտեմբերին համաձ...

Եվրահանձնաժողովը հույս ունի սեպտեմբերին համաձայնեցնել հակառուսական սահմանափակումների 19-րդ փաթեթը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։

«Մենք արդեն ընդունել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18 փաթեթ, այժմ աշխատում ենք պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա և հույս ունենք այն ընդունել հաջորդ ամիս», - նշել է նա։

Պոդեստան հրաժարվել է բացահայտել այդ փաթեթի բովանդակությունը՝ ընդգծելով, որ Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում պատժամիջոցները մինչև դրանց հաստատումը։

Նա նաև ամբողջությամբ բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման շրջանակում զինադադարի դեպքում՝ դրա մասին ԶԼՄ-ների արտահոսքերը անվանելով «մաքուր շահարկումներ»։

«Կարող եք վստահ լինել, մենք ամբողջությամբ կպահպանենք Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումը, մնացած ամեն ինչ մաքուր շահարկում է», - հայտարարել է նա։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել, թե պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախապատրաստման ո՞ր փուլում է գտնվում, բայց պնդել է, որ Բրյուսելը շարունակում է հավատալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությանը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան հերքել է բրիտանական SkyNews հեռուստաալիքի հոդվածը, որում նշվում է, թե ԵՄ առաջնորդները վերջին երկու օրվա հեռախոսային խորհրդակցությունների ընթացքում իբր քննարկել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները «որոշ չափով մեղմելու» հնարավորությունը։