Եվրահանձնաժողովը հունվարի 15-ին հայտարարել է, որ ԵՄ խորհրդին առաջարկ է ներկայացրել SAFE պաշտպանական ծրագրի շրջանակներում Բելգիային, Բուլղարիային, Դանիային, Իսպանիային, Խորվաթիային, Կիպրոսին, Պորտուգալիային և Ռումինիային ֆինանսական օգնությունը հաստատելու մասին։ Այս մասին հայտարարություն է հրապարակել Եվրահանձնաժողովը:
«Անցյալ տարի ԵՄ-ն պաշտպանության ոլորտում ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան նախորդ տասնամյակներում», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա հիշեցրել է Եվրահանձնաժողովի 2025 թ. նախաձեռնության մասին՝ ուղղված SAFE ծրագրի շրջանակներում ԵՄ պաշտպանական նպատակների համար 800 միլիարդ եվրո հատկացնելուն և միության անդամ երկրներին համատեղ գնումների համար 150 միլիարդ եվրո փոխառություններ տրամադրելուն։
«Մենք արդեն հավանություն ենք տվել Բելգիայի, Բուլղարիայի, Դանիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի և Ռումինիայի համար SAFE-ի պլանների առաջին խմբաքանակին։ Մնացած պլանները շուտով կհաստատվեն։ Խորհուրդն այժմ պետք է շտապ կերպով հաստատի այդ պլանները՝ միջոցների արագ հատկացումն ապահովելու համար», - ասել է ֆոն դեր Լայենը։
Այս հաստատումը, պարզաբանում են Եվրահանձնաժողովում, ճանապարհ է բացում ոչ թանկ երկարաժամկետ վարկերի առաջին ալիքի համար, որը թույլ կտա ԵՄ ութ երկրներին կարճ ժամկետում բարձրացնել իրենց ռազմական պատրաստվածությունը և ձեռք բերել անհրաժեշտ ժամանակակից պաշտպանական հանդերձանք։
Այժմ ԵՄ ութ անդամ պետություններից բաղկացած խումբը հնարավորություն կունենա շուրջ 38 միլիարդ եվրո ստանալ վարկային համաձայնագրերը ստորագրելուց հետո։
«Սա նաև կինտեգրի Ուկրաինային ԵՄ անվտանգության էկոհամակարգում և կերաշխավորի, որ մեր աջակցությունը լինի ինչպես արագ, այնպես էլ կայուն», - ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ։
ԵՄ խորհրդի կողմից այս առաջարկի հաստատումից հետո Եվրահանձնաժողովը կավարտի վարկային համաձայնագրերի ձևակերպումը։ Ակնկալվում է, որ առաջին հատկացումները կսկսվեն 2026 թ. մարտին։



