
Եվրահանձնաժողովն օգոստոսի 11-ին հայտարարել է, որ 1,6 միլիարդ եվրոյի չափով երրորդ մասնաբաժինը, որն ստացվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից, ուղղվել է Ուկրաինային աջակցությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովը:
«Սա երրորդ մասնաբաժինն է, որը ԵՄ-ի կողմից ստացվել է 2024 թ. հուլիսին տրամադրված առաջին մասնաբաժնից հետո և 2025 թ. ապրիլին տրամադրված երկրորդ մասնաբաժնից հետո։ Այն ներառում է 2025 թ. առաջին կեսին կուտակված եկամուտները», - նշված է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում բացատրվում է, որ «այս արտակարգ շահույթն ստացվում է Եվրամիության պատժամիջոցների շրջանակներում սառեցված ակտիվներից», և «թեև ակտիվներն իրենք մնում են արգելափակված, սակայն այդ դրամական միջոցների տոկոսները կարող են օգտագործվել Ուկրաինային աջակցելու համար»։
Բրյուսելում նաև հիշեցնում են, որ առաջին երկու մասնաբաժինների 90%-ն Ուկրաինայի աջակցությանն է ուղղվել Եվրոպական խաղաղության հիմնադրամի (EPF) միջոցով, իսկ 10%-ը՝ Ուկրաինական հիմնադրամի միջոցով։ Սկսած երրորդ մասնաբաժնից՝ միջոցների 95%-ը կուղղվի Ուկրաինայի համար վարկային համագործակցության մեխանիզմի (ULCM) միջոցով, իսկ 5%-ը՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով:
Նաև նշվում է, որ ULCM-ը «չվերադարձվող աջակցություն է տրամադրում՝ օգնելու Ուկրաինային մարել ԵՄ-ից ստացած մակրոֆինանսական օգնության վարկը, ինչպես նաև այս մեխանիզմի շրջանակներում երկկողմ վարկատուներից ստացված վարկերը»: Այս մեխանիզմի շրջանակներում վարկային աջակցության ընդհանուր ծավալը կազմում է 45 միլիարդ եվրո: