Եվրամիության արձագանքը կոշտ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի անդամներից մեկին։
«ԵՄ-ն կոշտ կարձագանքի ցանկացած առևտրային գործընկերոջը, որն անարդարացիորեն կամ կամայականորեն մաքսատուրքեր կսահմանի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ», - գործակալությանը հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:
Նրա խոսքով՝ այս փուլում 27 անդամ երկրներից բաղկացած դաշինքը չգիտի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ որևէ լրացուցիչ մաքսատուրքի մասին։
Bloomberg-ի զրուցակիցը նշել է, որ մաքսատուրքերի սահմանումը «վնասակար է բոլոր կողմերի համար», և ափսոսանք է հայտնել Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման առնչությամբ։
Միևնույն ժամանակ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ իր կառավարությունը ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերի մանրամասները կհայտնի փետրվարի 3-ին:
Շեյնբաումն ավելի վաղ հայտարարել էր, որ պլանը կներառի տարիֆային և ոչ տարիֆային միջոցներ, ներառյալ 25% մաքսատուրք Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների համար:
Կանադան իր հերթին հայտարարել է փետրվարի 4-ից ԱՄՆ-ից ներկրվող 155 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու մասին։
Թրամփը փետրվարի 1-ին ստորագրել է կատարողական հրամանագիր Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Փաստաթղթում նշվում է, որ 25% մաքսատուրքեր են սահմանվում Մեքսիկայից և Կանադայից ներմուծման համար (10%՝ կանադական էներգառեսուրսների նկատմամբ)։ 10%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանվում ՉԺՀ-ից ապրանքների նկատմամբ։ Թրամփի խոսքով՝ դա արվել է «անօրինական ներգաղթյալների և մահացու թմրանյութերի լուրջ սպառնալիքի պատճառով», որոնք սպանում են ԱՄՆ քաղաքացիներին: