Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ն դիտարկում է որպես ռազմ...

Եվրահանձնաժողովը շարունակում է ԱՄՆ-ն դիտարկել որպես ռազմավարական գործընկեր, չնայած Գրենլանդիայի հանդեպ ԱՄՆ հավակնություններին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիաննա Պոդեստան։

«Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն մնում է մեր միության ռազմավարական գործընկերը, և նրանց հետ, ինչպես մյուս բոլոր գործընկերների հետ, մենք ակտիվորեն աշխատում ենք այն բնագավառներում, որտեղ կան ընդհանուր շահեր, և, անշուշտ, մենք կշարունակենք դա անել տարբեր ուղղություններով, որտեղ մեր շահերը համընկնում են», - ասել է նա։

2025 թ. դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հարցով հատուկ բանագնաց նշանակելու մասին։ Ավելի ուշ նահանգապետը հաստատել է կղզին ԱՄՆ տարածքի մի մասը դարձնելու Վաշինգտոնի մտադրությունը։

Դանիայի և Գրենլանդիայի վարչապետներ Մետտե Ֆրեդերիկսենը և Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համատեղ հայտարարությամբ դատապարտել են ԱՄՆ-ի հայտարարությունները կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Նա ընդգծել է դրա ռազմավարական կարևորությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից։

Գրենլանդիան մինչև 1953 թ. Դանիայի գաղութն էր։ Այն մնում է թագավորության մաս, բայց 2009 թ. ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականությունն ինքնուրույն որոշելու հնարավորությամբ։