
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ ազգային միասնության շնորհիվ երկրին կհաջողվի դուրս գալ ներկայիս ճգնաժամից։ Այս մասին հաղորդում է SNN գործակալությունը:
«Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, ոչ մի խնդիր վտանգի տակ չի դնի երկիրը։ Հավատացած եմ, որ միասնության և միավորման հաշվին մեզ կհաջողվի հաղթահարել ճգնաժամը, որում մենք հայտնվել ենք, և շարունակել հաստատակամորեն առաջ շարժվել մեր ճանապարհով», - ասել է Փեզեշքիանը։
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա նաև կարգադրել է տարբեր նախարարությունների շարունակել փոխգործակցությունը տարբեր երկրների, հատկապես՝ հարևան երկրների հետ։
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ-ում Իրանի հետ հակամարտությունում առաջիկա 24-48 ժամերը համարում են վճռորոշ՝ ակնարկելով հնարավոր ռազմական լուծման մասին, եթե դիվանագիտական լուծում չլինի։
Լույս հունիսի 13-ի գիշերն Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն, ըստ իսրայելական կողմի, մոտեցել է «անդառնալի կետի»։ Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի հարվածների թիրախները դարձել են միջուկային օբյեկտները, գեներալական կազմը, նշանավոր միջուկագետ ֆիզիկոսները, ավիաբազաները, ՀՕՊ համակարգերը և «երկիր-երկիր» հրթիռները։ Հարվածների տակ են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Իրանը հունիսի 16-ին հայտնել է 224 զոհի մասին։
Իրանը, որը բազմիցս հերքել է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը, պատասխան հարվածներ է հասցրել հրթիռներով և անօդաչուներով։ Թեհրանը հարվածների թիրախ է նշում Իսրայելի ռազմական և ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։