Եթե ունենայիք 100 մլն դոլարին համարժեք դրամ, ո՞ր ոլորտներում ներդրում կկատարեիք՝ որպես պետություն, և արդյոք չեք ընդունո՞ւմ, որ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը նոր ինտերնետ դարում բավականին հնացած է, մենք չե՞նք կարողանում ՀՀ-ում ինժեներական ծավալը ներգրավել համախառը ներքին արդյունքին: Այս մասին ԱԺ-ում 2025 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով ֆինանսների նախարարին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Մյուս հարցս վերաբերում է թոշակառուներին, արդյոք ունե՞ք տվյալ, թե թոշակառուների ո՞ր մասը, բացի իր թոշակից, ունի նաև աշխատանք: Մենք ի՞նչ պետք է անենք, որ թոշակառուներին ուղղենք այդ հարթակ, որպեսզի երիասարդությունն այլ տեղ գեներացնի համախառը ներքին արդյունքը»:
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Հովհաննիսյանը նշեց. «Բյուջեի՝ մեր առաջարկած տարբերակով առաջին հարցին արդեն պատասխանել ենք: Մենք ներդնում ենք երկու հիմնական ոլորտներում՝ անվտանգություն և դպրոցաշինություն՝ կրթության համակարգ:
Բնականաբար չենք մոռանում այն բոլոր հարցերը, որոնք պետք է արվեն: Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտի կողմից ՀՀ-ում արժեք ստեղծելուն, ապա դա վիճակագրական ծառայության արդյունքն է, ու այստեղ ունենք բարեփոխումների օրակարգ: Թոշակառուների հետ կապված այս պահին տեղեկատվություն չունեմ ձեռքիս տակ, բայց կարող ենք ճշտել և հաղորդել Ձեզ»:
Արձագանքելով՝ Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Ես նկատի ունեմ՝ եթե ևս 100 մլն դոլար ունենայիք, այդ դեպքում ի՞նչ կանեիք: Ունե՞ք արդյոք հաշվարկ, եթե չունեք՝ խնդրում ենք հաշվարկել, հնարավո՞ր է՝ 100 մլն լինի, որ իմանանք, որտեղ պետք է գեներացվի»:
Արձագանքին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Եթե ևս 100 միլիոնի մասին է խոսքը, ապա, կարծում եմ, կառավարության ծրագրում ինչ նախանշված է, դա պետք է անենք: Ինձ համար կարևոր կլիներ այն տրամադրել արտահանող, արդյունաբերական ճյուղին»: