Նոր ատոմակայանի կառուցման հարցը Հայաստանի համար ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի հարց է․ այդ հարցում Երևանը աշխատում է տարբեր միջազգային գործընկերների հետ, սակայն, ի վերջո, կընդունի այն առաջարկը, որը լավագույնը կլինի Հայաստանի համար։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բանակցություններին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության էներգետիկ կարիքները մոտակա տասնամյակների համար։
Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը նոր ատոմակայանի հետ կապված առաջարկներ ստացել է Ռուսաստանի Դաշնությունից։
«Մենք նման առաջարկ Ռուսաստանից ստացել ենք, բայց մենք նման առաջարկ ստացել ենք նաև Հարավային Կորեայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Մեր հաշվարկն այն է, որ հաշվի առնելով արևային էներգիայի զարգացման տեմպերը՝ մենք 1000 ՄՎտ-անոց ատոմակայանների կարիք չենք ունենալու, որովհետև մենք ունենք մեր ռեսուրսը՝ արևային էներգիան։ Մենք հիմա կենտրոնացած ենք և ցանկանում ենք ունենալ մոդուլային ատոմակայան, քանի որ անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր կլինի կառուցել նոր էներգաբլոկներ։ Եվ ամենակարևորը՝ մոդուլային կայանը չի կարող հանգեցնել Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի նման վթարների․ սա մեզ համար ամենակարևոր հարցն է. մոդուլային կայանում վթարի դեպքում վթարը համարվում է տեղային միջադեպ, և այդ դեպքում հարակից բնակավայրերը չեն տարհանվում»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այս հարցի շուրջ Հայաստանն աշխատանքներ է տանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի հետ։
Փաշինյանը հավելել է, որ Ռուսաստանը նույնպես ունի մոդուլային կայանի նախագիծ, սակայն այն լողացող ատոմակայան է։
«Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր առաջարկները՝ թե՛ տեխնոլոգիաների, թե՛ գնի տեսանկյունից։ Նոր ատոմակայանի կառուցման հարցում մենք չենք ցանկանում քաղաքական ընտրություն կատարել, քանի որ սա տնտեսական նախագիծ է։ Մենք ցանկանում ենք այդ ծրագրի տևականությունն ու շահավետությունը երաշխավորել Հայաստանի համար։ Սա քաղաքական ընտրություն չէ, այլ զուտ տնտեսական հարց»,-նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն այս հարցում կաշխատի այն գործընկերների հետ, որոնցից կստանա ամենալավ առաջարկը։
Հայաստանում այս պահին ընթացքի մեջ են Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքները։ Հայաստանը 2036 թվականից պլանավորում է ունենալ նոր ատոմակայան։ Հայաստանի կառավարությունը որոշել է, որ նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլային տեսակի և այդ ուղղությամբ բանակցություններ է վարում 5 երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։



