Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական...

Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը: Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմական խայտառակ որոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկեց Ազգային ժողովում իր վաստակած տեղից, ունի հետևանքներ, որոնք շատ ավելի լայն են, քան մեկ քաղաքական ուժի ճակատագիրը։ Հարցը շատ ավելի կարևոր է. ստացվում է, որ այսօրվա Հայաստանում քաղաքացիների կամքի արտահայտությունն ընտրությունների ավարտից հետո կարող է վերանայվել վարչական որոշմամբ։

Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը։  Սակայն խնդիրը միայն դրանում չէ։

Փաստացի խորհրդարանից դուրս է մղվում ոչ միայն մեկ կուսակցություն. Դուրս է մղվում քաղաքական այլընտրանքը՝ արտաքին քաղաքականության, անվտանգության և հայկական պետականության ապագայի հարցերում։ Հստակ արձանագրում ենք. ԲՀԿ-ի հանդեպ այս արշավը որևէ կապ չունի Ռուսաստան-Արևմուտք՝ իշխանական կեղծ հակադրության հետ։ ԲՀԿ-ն միշտ հանդես է եկել թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության օգտին։

Գործող իշխանությունները հետևողականորեն փորձել են ներքաղաքական ընտրությունը ներկայացնել որպես հակադրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Սակայն Հայաստանի հասարակության համար հարցն ամենևին չի սահմանափակվել նման պարզեցված ձևակերպմամբ։

Իրական ընտրությունը վերաբերում էր երկրի անվտանգության և զարգացման տարբեր մոդելներին։

«Բարգավաճ Հայաստանը» հանդես էր գալիս հավասարակշռված արտաքին քաղաքականության օգտին՝ հիմնված առանցքային միջազգային դերակատարների հետ համագործակցության վրա։ Մենք ելնում էինք այն համոզմունքից, որ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական հակամարտության հարթակ, այլ պետք է լինի պետություն, որն ունակ է բոլոր ուղղություններով կառուցելու իրատեսական և փոխշահավետ հարաբերություններ՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահերով։

Առանձնահատուկ նշանակություն ունի երաշխավորված խաղաղության գաղափարը՝ տարածաշրջանում խախտված հավասարակշռության վերականգնման միջոցով։

Մեր մոտեցման կարևոր բաղադրիչն է նաև համաշխարհային հայկական Սփյուռքը։ Տարբեր երկրներում ապրող միլիոնավոր հայերը պետք է լինեն կամուրջ Հայաստանի և այն պետությունների միջև, որտեղ նրանք բնակվում են։ Այդ պատճառով նման քաղաքականությունը որպես որևէ ուժի «ֆորպոստ» դառնալու ձգտում ներկայացնելու փորձերը չեն դիմանում լուրջ վերլուծության։

Այլ խորքային խնդիր

Ժողովրդավարությունը կառավարման ամենաարդյունավետ ձևերից է ոչ միայն այն պատճառով, որ քաղաքացիներին հնարավորություն է տալիս ընտրել իշխանություն։ Դրա ուժը նրանում է, որ անվտանգությունը, արդարությունը ու կայունությունն ապահովվում են իշխանության ճյուղերի և պետական ինստիտուտների հավասարակշռության միջոցով։

Այնտեղ, որտեղ գոյություն ունեն անկախ ինստիտուտներ, իշխանությունը սահմանափակվում է օրենքով։ Այնտեղ, որտեղ կա քաղաքական մրցակցություն, նվազում է ռազմավարական սխալների հավանականությունը։

Այսօրվա Հայաստանում մենք տեսնում ենք մտահոգիչ միտում․ կարևորագույն պետական որոշումները կենտրոնացել են մեկ քաղաքական կենտրոնի շրջանակում։ Խորհրդարանը, դատական համակարգը և մյուս ինստիտուտները կորցրել են գործադիր իշխանության իրական հակակշիռ լինելու իրենց կարողությունը։ Հենց նման միջավայրում են առաջանում այնպիսի որոշումներ, որոնք դեռ մի քանի տարի առաջ անհնարին էին թվում։

Ուժեղ պետությունը չի կառուցվում մեկ քաղաքական ուժի մենաշնորհի կամ մեկ քաղաքական կուրսի անփոխարինելիության վրա։ Արդյունավետ պետությունը կառուցվում է գաղափարների մրցակցության, անվտանգության և զարգացման տարբեր մոտեցումների առկայության և իշխանության սխալները ժողովրդավարական ճանապարհով ուղղելու հասարակության կարողության վրա։

Հենց այդ պատճառով այսօրվա հարցը միայն այսօրվա ընտրությունների արդյունքները չեն։ Հարցն այլ է. ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը վաղը։

Պետություն, որտեղ տարբեր քաղաքական տեսակետներ ունեն ներկայացված լինելու և որոշումների կայացմանը մասնակցելու իրավո՞ւնք, թե՞ պետություն, որտեղ քաղաքական համակարգը ավելի ու ավելի է կախված դառնում մեկ կենտրոնից ընդունվող որոշումներից։

Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի թուլանում միայն այն պահին, երբ ձևականորեն վերանում են ընտրությունները։ Այն թուլանում է նաև այն ժամանակ, երբ պահպանվում են ժողովրդավարական արտաքին ընթացակարգերը, սակայն աստիճանաբար անհետանում են քաղաքական հավասարակշռությունը, մրցակցությունը և իշխանության իրական սահմանափակումները։

Այդ պատճառով այսօր խոսքը պարզապես մեկ կուսակցության մասին չէ։ Խոսքն այն սկզբունքների պահպանման մասին է, որոնք ապահովում են հայկական պետականության կայունությունը։

Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, ընդդիմությունը չէ, որ պարտվում է։ Պարտվում է զսպումների և հակակշիռների համակարգը։ Պարտվում է ժողովրդավարությունը։ Եվ ի վերջո՝ պարտվում է պետությունը։ ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս, և պետք է գիտակցի թվարկված իրողությունները»,-նշել է նա։