Եթե պարգեւավճարները կտրենք, թոշակները կարող ե...

ՀՀ-ում թոշակները կարող են բարձրանալ, եթե այսօր նրանցից գոնե կրկնակի չափով մարդ աշխատի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ շատ խոսվեց աշխատավարձերի ու պարգեւավճարների մասին: Ես լսում էի ու ասում էի՝ իսկականից, էս մարդիկ ճիշտ են ասում: Ֆինանսների նախարարին ասացի՝ տուր տվյալները, թե ինչքան աշխատավարձ է ստանում պետական մարմինը:

Մենք վերցրեցինք սոցիալ-տնտեսական բլոկը, ուժային կառույցները հանեցինք: Եթե հիմա կտրենք ամբողջ աշխատավարձը, պարգեւավճարները, ավտոները, դրանց սպասարկման վճարն էլ հետը՝ բենզինով, բանով, այդ ամբողջ գումարը դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարող ենք բարձրացնել 9 հազար դրամով: Բայց թոշկառուները դա չեն ստանա, որովհետեւ փողը հավաքելը ծախս ունի: Նախ պետական եկամուտներ չեն հավաքվի, որովհետեւ չկա ՊԵԿ-ը: Ինչքան էլ կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվի: Այո, այսօր ՊԵԿ-ում կամ աշխատողներ, որ ստանում են ընդհուպ 1 մլն դրամ աշխատավարձ եւ մենք իրեն ծնկաչոք խնդրում ենք, ասում ենք՝ հանկարծ գործից դուրս չգաս:

Բյուջե ընդհանրապես չի լինի, բոլոր դպրոցները կփակվեն, ճանապարհ չի կառուցվի: Եթե միայն պարգեւավճարները կտրենք, թոշակները կարող ենք ավելացնել 1000 դրամով: Բայց մենք ուրիշ բան ենք արել, հետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն միջինը 3 հազար դրամ հետ է ստացել գումարը:Այսինքն էդ 1000 դրամը չենք տվել, ծախսել ենք, որի արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք թոշակառուներին: Սխա՞լ ենք արել»,- հայտարարեց է Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ առաջին անգամ կարողացել են հասնել նրան, որ նվազագույն թոշակը ավելի մեծ է եղել, քան պարենային նվազագույն զամբյուղը: