
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նայեինին խիստ նախազգուշացում է հղել Իսրայելին՝ նշելով, որ ցանկացած հարված կստանա ջախջախիչ պատասխան։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
«Եթե մոլորության մեջ գտնվող սիոնիստական ռեժիմը հիմար քայլ կատարի և հարձակվի, ապա կստանա ավերիչ և վճռական պատասխան իր փոքր աշխարհագրական տարածքում», - հայտարարության մեջ նշել է բրիգադի գեներալ Նայեինին։
Խոսնակն ընդգծել է, որ Իրանի ռազմական հզորությունը շատ է աճել նախկինի համեմատ՝ մատնանշելով, որ «մենք նախորդ տարիների համեմատ ավելի ուժեղ ենք դարձել տարբեր բնագավառներում, և մեր ռազմական առաջընթացը հիանալի է»։
«Աշխարհում և տարածաշրջանում կայունությունը չի վերականգնվի, քանի դեռ Իսրայելը չի ոչնչացվել», - հավելել է ԻՀՊԿ խոսնակը։
Իր հերթին մայիսի 22-ին Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստվածության գագաթնակետում՝ զգուշացնելով, որ իրանական բանակը ցանկացած սպառնալիքի համաչափ պատասխան կտա։
Ավելի վաղ ամերիկացի մի շարք պաշտոնյաներ CNN-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության հասնել Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով այս տեղեկություններին, նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարին՝ նշելով, որ իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի դեպքում Իրանը Միացյալ Նահանգները կդիտարկի որպես այդ գրոհի մեղսակից և կստիպի պատասխան տալ դրա համար։