
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե հայ-ադրբեջանակլան բանակցությունները, խաղաղության համաձայնագրի ստորագրումը փակուղի է մտել:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ադբեջանակլան կողմի՝ օրեր շարունակ տարածած հայտարարությանը, թե հայկական ԶՈւ-երը կրակում են իրենց դիրքերին, ասաց. «Մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու ու այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու մոտեցումը: Երևի դրա հետ է այդ ամենը պայմանավորված: Այդ «կրակոցները» դրանք առանձին հետաքննության առիթ են և այդ ուղղությամբ աշխատանքեր են տարվում, որ թե այդ հրապարակումների հետ կապված, թե ապագայում, եթե լինեն՝ հնարավոր լինի նման բաներից խուսափել»:
Անդրադառնալով Խաղաղության համաձայանգրի տեքստի հրապարակմանը և քննադատություններին, թե միակողմանի զիջումներ և կապիտուլյացիա է, ԱԺ նախագահն ասաց. «Բազմիցս հայտարարել ենք, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին, եթե այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, ուրեմն նաև գրված է, որ ադրբեջանական կողմն էլ պետք է կապիտուլացվի»:
Սիմոնյանը հստակեցրեց, որ այդ փաստաթուղթն ունի երկու կողմ:
Հարցին էլ՝ տեսե՞լ եք, որ Ադրբեջանը խաղի կանոն պահպանի, Սիմոնյանը դրական պատասխան տվեց: «Այո՛, տեսել ենք, երբ մենք քննարկում ենք և, օրինակ, հաստատում ենք երկու երկրների միջև սահմաանզատման և սահմանագծման փաստաթուղթը, և մեր ընդդիմությունն ասում է՝ չի պահպանելու, չի ստորագրելու, մեկ ժամ հետո ստորագրում է»,- նշեց նա: