Եթե կան ուժեր, որոնց համար դաշտում մնալու համ...

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը ընդդիմադիրներին չի դիտարկում որպես թիրախ։  

Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նա նշեց, որ իրենց կողմից իրականացվող հարցումները ցույց են տալիս՝ գործող վարչապետը չի կարող ձևավորել մեծամասնություն։

«Ըստ մեր և ոչ միայն մեր կողմից իրականացված հարցումների՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարող ձևավորել մեծամասնություն, այլ նաև ընդդիմադիր ուժերը հանրագումարում ունեն ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժը կողմ է բազմակարծությանը և քննադատությանը՝ առանց պիտակավորումների ու վիրավորանքների։

Վարդանյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտում մրցակցությունը բնական է, սակայն իրենց համար առաջնայինը մնում է գործող իշխանության դեմ պայքարը։

«Եթե կան ուժեր, որոնց համար դաշտում մնալու համար թիրախ պետք է լինեն ընդդիմադիրները, մեզ համար ընդդիմադիրները թիրախ չեն»,- ասաց պատգամավորը։

Նա նաև անդրադարձել է ընդդիմադիր դաշտում ձայների փոշիացման մասին քննադատություններին՝ վստահեցնելով, որ նման վտանգ չի տեսնում։

«Կարող եմ վստահեցնել բոլորին, որ այդպիսի վտանգ ընդհանրապես չկա։ Ես վստահ եմ, որ դրա մասին ընտրությունների արդյունքները կվկայեն»,- նշեց Վարդանյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ ընդդիմադիր դաշտը բազմազան է և քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրություն կատարել իրենց նախընտրած քաղաքական ուժերի միջև։

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։